Թուրքիայի պետական խորհուրդը 17 րոպե քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին:
Նիստի արդյունքներով հաղորդվում է, որ քաղաքային խորհուրդը որոշումը կտարածի առաջիկա 15 օրվա ընթացքում:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:
Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:
1985 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: