ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է երկրի տարածքում չինական TikTok հավելվածի աշխատանքն արգելափակելու հնարավորությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում և, անկասկած, դիտարկում ենք այդ տարբերակը»,-ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հեռուստահաղորդավարուհու այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն չի դիտարկում չինական սոցցանցերի, այդ թվում՝ TikTok հավելվածի աշխատանքի արգելափակման հնարավորությունը, ինչն ավելի վաղ արել էր Հնդկաստանը:
Ավելին, Պոմպեոն հայտարարել է, որ խորհուրդ կտար այդ հավելվածն օգտագործել միայն այն դեպքում, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց անձնական տվյալները հայտնվեն «Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքում»: