Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանի և միջնորդների հետ խոսել վերջնագրի լեզվով: Ալիևը հերթական անգամ ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման իր առավելապաշտական տեսլականը, որը չի կարող ընդունելի լինել հայկական կողմերի համար: Ավելին, կարգավորմանը նման մոտեցմամբ Ադրբեջանը, ըստ էության, բանակցային գործընթացը մտցնում է փակուղի: Բաքվի կողմից նման պահվածքը նորություն չէ, սակայն այժմ Ադրբեջանն որոշել է ավելի հեռուն գնալ: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք բանակցությունների անհրաժետություն չեն տեսնում, եթե դրանք սուբստանտիվ չեն;
Սա, ըստ էության, Ադրբեջանի կողմից միջնորդների և Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է հնարավորինս արագ անցնելու տարիներ շարունակ բարձրաձայնվող այդ սուբստանտիվ բանակցություններին, որն Բաքվի կողմից դրվող բովանդակությամբ, մի շարք մարտահրավերներ է պարունակում հայկական կողմերի համար:
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանն այս հարցում որոշակի հաջողությունների է հասել: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ, ինչպես նաև Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության հայտարարություններում ավելի հաճախակի է ընդգծվում սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտությունը: Միջազգգային հանրության մոտ բանակցային գործընթացի նկատմամբ ադրբեջանական այս մոտեցման ընկալելի դառնալուն նպաստել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի գործող իշխանությունը դեռևս հստակ դիրքորոշում չի արտահայտել դրա վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն սկսել է իրեն ավելի վստահ զգալ բանակցային գործընթացում: Սրա մասին վկայում է ինչպես բանակցային գործընթացից դուրս գալու Բաքվի սպառնալիքը, այնպես էլ ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման մասին համանախագահների անհասցե հայտարությունը հրապարակավ ընդունելը և դա Հայաստանի ինչ-որ անհամեմատելի գործողություններով բացատրելու փորձը:
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ կառուցողական երկխոսության տրամադրված չէ և վերջին երկու տարվա ընթացքում միջազգային հանրության մոտ ստեղծված այն տպավորությունը, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կառուցողական կողմն է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանը շարունակում է պահպանել իր առավելապաշտական, ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, չնայած հասարակությունների խաղաղության նախապատրաստելու հանձնառությանը՝ Բաքուն պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը, էթիկայից դուրս հայտարարութուններ անում Հայաստանի ներքաղաքական կյանքի, հայ ժողովրդի հերոսների մասին: Ադրբեջանի այս պահվածքը պետք է Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրության և մասնավորապես համանախագահների կողմից արժանանա կոշտ գնահատականների, հակառակ դեպքում վտանգվում է տարածաշրջանային կայունությունը: