Բելգրադում հազարավոր մարդիկ փորձել են լույս հուլիսի 8-ի գիշերը թափանցել Սերբիայի խորհրդարանի շենք՝ բողոքելով կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ հայտարարելու իշխանությունների պլանի դեմ, հայտնում է АР գործակալությունը:
Մի քանի ցուցարարի հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք, սակայն հատուկ ջոկատայինները նրանց դուրս են բերել: Հաղորդվում է որ բախումներ են տեղի ունեցել նաև հանրային հեռուստատեսության շենքի մոտ:
Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Հրկիզվել են ոստիկանական մեքենաներ, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, շշեր և ձվեր: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ առանձին դեպքերում նաև մահակներ: