Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել հարգել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումը: «Սուրբ Սոֆիան Թուրքիայի իրավասության տակ է: Բոլորին հորդորում եմ հարգել Թուրքիայի դատական և գործադիր մարմինների կայացրած որոշումները: Մենք ընդունում ենք այս հարցում տեսակետների ցանկացած արտահայտություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են մեր ինքնիշխանությունը խախտելուն»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում կան «435 եկեղեցիներ և սինագոգներ»: «Սա վկայում է մեր մենթալիտետի մասին, որը բազմազանությունը համարում է մեր հարստությունը»,- հավելել է նա:
Էրդողանը Սուրբ Սոֆիայում մզկիթի բացումը համեմատել է «վերածննդի» հետ, և ասել է, որ նա «դեն նետեց ոտքերի շղթաները։ «Շենքի ներսում կան որոշ թերություններ։ Վեց ամիս մենք նախապատրաստական աշխատանքներ կիրականացնենք Սուրբ Սոֆիայում: Մենք այդ աշխատանքները կանենք, որ մահմեդականները և այլ կրոնների ներկայացուցիչները գան և տեսնեն լավագույն օրինակը այն բանի, թե ինչպես ենք մենք պահպանում մեր նախնիների ժառանգությունը, և որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ազգին ուղղված ուղերձում ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո, որոնք այժմ արագորեն ընթանում են, մենք նախատեսում ենք Սուրբ Սոֆիան բացել հուլիսի 24-ին, ուրբաթօրյա աղոթքի հետ մեկտեղ»: Նա նշել է, որ մզկիթի մուտքն անվճար կլինի, ինչպես Թուրքիայի բոլոր մյուս մզկիթներում: