ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մեկնարկած սրացման վերաբերյալ: Եվ երկու դեպքում էլ ընդգծվում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող սահմանների մշտադիտարկման հնարավորինս շուտ վերականգնման կարևորությունը: Սակայն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում:
Դեռևս այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԵԱՀԿ-ն որոշում կայացրեց դադարեցնել մշտադիտարկումը՝ բազմիցս խոսվեց դրա հնարավոր հետևանքների մասին: Հուլիսի 12-ից մեկնարկած սրացումը դրա վառ ապացույցն է: Սակայն նույնիսկ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում միջնորդները բավարարվում են հայտարարություններ անելով՝ չդիմելով իրենցից կախված նույնիսկ նվազագույն քայլին՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին լարվածության գոտի ուղարկելուն:
Հուլիսի 15-ի հայտարարության մեջ կրկին համանախագահները կոչ են արել զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և տեղում իրավիճակը փոխելու փորձերից: Ընդգծվել է խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի վերականգնման անհրաժեշտությունը: Սակայն դրան զուգահեռ, կրկին խոսվել է սուբստանտիվ բանակցությունների մասին:
Համանախագահներն իրենց երկու հայտարարություններում էլ՝ թե՛ հուլիսի 13-ին, թե՛ 15-ին, անդրադառնում են սուբստանտիվ բանակցություններին անցում կատարելուն, ինչը մտահոգիչ է բառակազմի տեսանկյունից: Սակայն ավելի մտահոգիչ է հուլիսի 15-ի հայտարարության ձևակերպումը՝ «համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնությունը հնարավորինս շուտ անցկացնելու սուբստանտիվ բանակցություններ ԼՂ կարգավորման որոշիչ ասպեկտների շուրջ»: Նման ձևակերպումից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը համաձայնություն է տվել առանձին-առանձին քննարկելու կարգավորման առանձին բաղադրիչները՝ այսինքն, համաձայնել է սուբստանտիվ բանակցությունների, որոնց երկար տարիներ ձգտում է Ադրբեջանը և որոնք աստիճանաբար կարող են վերածվել փուլային կարգավորման:
Եթե հայկական կողմը նման համաձայնություն չի տվել, կամ Հայաստանի համաձայնությունը շարունակել բանակցությունները միջնորդների կողմից նման մեկնաբանության է ենթարկվել, տեղին կլիներ, որպեսզի Հայաստանի ԱԳՆ-ն հանդես գար համապատասխան հայտարարությամբ:
Ընդհանուր առմամբ, հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավական ուշացումով են արձագանքում զարգացումներին, և նույնիսկ այդ դեպքում ընտրված բառակազմն ու քայլերը ադեկվատ չեն առկա իրավիճակին: Այլ գործոնների թվում նաև դա է «բացում Ադրբեջանի ձեռքերն» ու հնարավոր դարձնում նման սադրանքները: