Ադրբեջանում, կարծես թե, հասկացել են Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու իրենց հայտարարության վտանգավորությունը և փորձում են սրբագրել այն:
Արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը ներկայացնել որպես անհատական դիրքորոշում: «Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը չի համապատասխանում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: Ադրբեջանը չունի ծայրահեղ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու քաղաքականություն», - հայտարարել է նա:
Ադրբեջանական կողմի նման մեկնաբանությունը ոչ միայն համոզիչ չէ, այլև ծիծաղելի է, քանի որ ատոմակայանին հարվածելու մտադրության մասին հայտարարել է պատասխանատու գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Եվ չնայած Բաքվի հետքայլի այս փորձին՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Բաքվի սպառնալիքը պետք է շարունակի մնալ առաջնային միջազգային հանրության հետ մեր աշխատանքի օրակարգում: Ադրբեջանական այս սպառնալիքի առնչությամբ դեռևս չկա համարժեք միջազգային արձագանք: Ավելին, ատոմակայանին ուղղված ադրբեջանական սպառնալիքի կապակցությամբ հայկական ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատունը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը՝ որևէ կերպ չանդրադառնալով Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչություն հանդիսացող նման սպառնալիքին, որի կյանքի կոչման դեպքում տարածաշրջանը կհայտնվի իսկական հումանիտար աղետի մեջ: Սա որևէ կերպ հնարավոր չէ համարել ադեկվատ արձագանք մի երկրի կողմից, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Հայկական ատոմակայանին հարվածելու իրենց սպառնալիքը երկրորդ պլան մղելու նպատակով Ադրբեջանը նաև սկսել է շահարկել հայկական կողմից իրենց նավթագազային ենթակառուցվածքին ուղղված սպառնալիքի թեզը, ինչը միջազգային որոշ դերակատարների մոտ կարող է որոշակի հակահայկական տրամադրություններ առաջացնել՝ հաշվի առնելով այդ ոլորտում վերջիններիս ունեցած համագործակցությունը Ադրբեջանի հետ: Այս համատեքստում կարևոր է Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, որ նավթագազային ենթակառուցվածքները երբեք չեն եղել մեր թիրախում, սակայն դրանց անվտանգությունը երաշխավորելու մասին հայտարարությունը վարչապետի կողմից այլ կերպ քան անհեռատեսություն հնարավոր չէ դիտարկել:
Քաղաքացիական բնակչությանը ռազմական գործողություններում որպես վահան օգտագործելու ադրբեջանական հայտնի ձեռագիրը հաշվի առնելով՝ չի կարելի բացառել, որ Բաքուն որպես վահան չի սկսի օգտագործել նաև այդ ենթակառուցվածքները: Միջազգային հանրության և հատկապես նավթագազային ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցող երկրների և ընկերությունների ուշադրությունը պետք է հրավիրել այս միանգամայն հավանական հեռանկարի վրա, և այդ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հարցում առաջին հերթին պետք է լինեն վերջիններիս երաշխիքները: