Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2020 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Իսկզբանե նշենք, որ խոշոր 1000 հարկատուների առաջին տասնյակում տարիներ ի վեր առանձնապես մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում, ընդ որում, պատկերը նույնն է նաև 2018թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում՝ այն պահից, ինչ մեզ անընդնատ «տնտեսական հեղափոխություն» են խոստանում: Եթե ինչ –ինչ պատկերացումներով էլ կա հեղափոխություն, ապա խոշորագույն հարկատուների շրջապատում փոփոխություններ քիչ են գրանցվել: Զարմանալիորեն ցանկից դուրս է մնացել «Ալեքս Հոլդինգը», որը 2017-2018թթ.-ներին առաջին տասնյակում էր, իսկ 2019-ից՝ արդեն ոչ: Ցանկի 8 սուբյեկտների պարագայում առաջին երեք հորիզոնականների վերանդասավորումներ են եղել. օրինակ 2017թ.-ին առաջին հորիզոնականում է եղել «Գազպրոմ Արմենինա»-ն, 2018-19թթ. –ից սկսած՝ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին տասնյակում այս տարվա առաջին կիսամյակի ցանկում հայտնվել են «Սիփիէս Օիլ»-ը և «ՄՏՍ Հայաստան»-ը:
Խոշոր հարկատուների կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18 մլրդ դրամով՝ շուրջ 3,6 տոկոսով: Պետք է նշել, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությամբ պայմանավորված տնտեսական ակտիվության ընկնող աճի պայմաններում, սա սպասելի էր: Իհարկե, չի բացառվում, որ այս թվի վրա ազդեցություն ունի նաև ԱԺ կողմից ընդունվեց շահութահարկի կանխավճարի մասին փոփոխությունը, որով շահութահարկով աշխատող ընկերություններն ազատվեցին մինչև հունիսի 20-ը կանխավճարներ անելու պարտավորությունից, բայց դժվար թե 18 մլրդ դրամն ամբողջությամբ վերաբերի այդ կանխավճարներին: Որպես սրա հիմնավորում, պարզապես հիշենք հարկերի հավաքման խնդրի մասին վերջերս ՊԵԿ-ի արած հայտարարությունը:
Այսպիսով, ՊԵԿ խոշորների ցանկի հարկային տվյալները ևս արձանագրում են, որ բյուջեն ունի միջոցների սղություն:
Մյուս հետաքրքիր հանգամանքը նվազած հարկերի կառուցվածքն է: Բանն այն է, որ 2019թ.-ի համեմատ հարկերի նվազման բեռը հիմնականում ընկնում է խոշոր հարկատուների ցանկում առաջին տասնյակից դուրս գտնվողների վրա: Առաջին տասնյակի խոշորագույն հարկատուներից միայն երեքի հարկերն են նվազել՝ «Գրանդ տոբակո» ՍՊ-ինը, որը նախորդ տարվա 28.3 մլրդ դրամի փոխարեն այս տարի վճարել է 26.3 մլրդ դրամի հարկ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ինը, որի հարկերը նվազել են 7.9 մլրդ դրամով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հարկերը՝ 857 մլն դրամով պակաս: Առաջին տասնյակի մյուս խոշորների հարկերն ավելացել են: Ըստ էության, խոշորների մեջ խոշորագույնները մեծամասամբ ավելի են խոշորացրել, ավելի փոքրերը՝ նվազեցրել հարկերը:
Պետք է նշել, որ այս միտումը նորություն չէ հայկական տնտեսության համար, բայց հայտարարված տնտեսական հեղափոխությունից հետո առնվազն առաջանում էին հակառակի ակնկալիքներ:
Եվ վերջում, ևս մի հանգամանք, որ մտահոգություններ է առաջացնում տնտեսության բացասական միտումների վերաբերյալ: Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշել է, որ 1000 խոշոր հարկ վճարողներն այս տարի ապահովել են բյուջետային մուտքերի 67.9%-ն այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է ավելի քիչ՝ 67,4 %:
Պետք է նշել, որ բյուջետային մուտքերի անկման ֆոնին, նշված ցուցանիշը փաստում է, որ ոչ հարկային մուտքերը բյուջե ավելի մեծ անկում ունեն:
Հետևաբար, Կառավարությունն իսկապես կանգնած է պետական բյուջեն համալրելու խնդրի առաջ և այս պարագայում մաքսիմալ հմտություններ ու լավագույն փորձի կիրառություն է անհրաժեշտ այդ միջոցների համալրումը կազմակերպելու, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ՝ ի հաշիվ քաղաքացիների: Մինչդեռ մենք նկատում ենք հակառակ միտումը, երբ միայն պանդեմիայի ընթացքում պետության կողմից սահմանվեցին նոր տուգանքներ, հարկեր, ինչպես նաև եղածների ավելացում: