Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակի առթիվ այսօր՝ հուլիսի 23-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․
«Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»։