ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 23-ին հանդիպում է անցկացրել Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ, փոխանցում է Aysor.am-ը։
Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ երկրի օրենսդրությանը համապատասխան:
Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար:
Կարևորվել է համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում»: