Թուրքիան բավականին ակտիվ ջանքեր է գործադրում վերջին տարիներին տարածաշրջանային գերիշխանություն ստանալու համար: Արդյունքում Անկարայի վարած քաղաքականությունը հարևան տարածաշրջաններում իրավիճակը դարձնում է բավականին անկայուն: Թուրքական այս քաղաքականության արդյունքները հատկապես զգալի են Արևելյան Միջերկրականում և Մերձավոր Արևելքում:
Էրդողանի այս ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանային որոշ երկրների ստիպել է համախմբվել հակաթուրքական դաշինքում:
Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին մայիսի սկզբին ազդարարեց Եգիպտոսը:
Մասնավորապես, նշվում էր, որ հնգակողմ դաշինքը կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաև քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները:
Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին կնքված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։
Հուլիսի 12-ին Հունաստանի ԱԳ նախարարը Աթենքում Կիպորսի Հանրապետության իր գործըներոջ հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «քննարկել են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սադրիչ պահվածքը և «դիվանագիտական ճակատ» են ստեղծել Անկարային դիմագրավելու համար»: Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի հետ կապված մտահոգությունների շրջանակն իրականում ավելի լայն է, և կողմերն անհանգստացած են «Թուրքիայի կողմից իրավունքների շարունակական խախտումներով, որոնք տարածվում են Իրաքից Լիբիա՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը»:
Դեռևս անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված հակաթուրքական նոր ձևաչափ ստեղծելու անհրաժեշտությունը: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հունաստանի և Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատն» ավելի շատ կենտրոնանալու է եվրոպական գործընկերների հետ աշխատանքի վրա:
Սրան զուգահեռ հակաթուրքական առանցք է ձևավորվում նաև Լիբիական հակամարտությունում Թուրքիային հակադրվող ուժերի՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի մոտ: Այստեղ, ըստ էության նախաձեռնությունը գտնվում է Եգիպտոսի ձեռքերում: Դեռևս տարվա սկզբին հաղորդվում էր, որ Եգիպտոսի Գլխավոր հետախուզական գործակալության պետը գաղտնի այցելել է մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներ՝ Թուրքիայի դեմ հետախուզական դաշինք ձևավորելու համար։
Ըստ էության, Եգիպտոսն իր հակաթուրքական նախաձեռնությունում փորձում է իր շուրջ համախմբել արաբական երկրներին:
Արդյունքում, դեռևս անհասկանալի է մենք գործ ունենք երեք տարբեր նախաձեռնությունների, թե՞ նույն նախաձեռնության մեջ տարածաշրջանային բաշխման հետ: Սակայն միանշական է, որ հակաթուրքական ճակատի առաջամարտիկները Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսն են, որոնք փորձում են ընդլայնել թուրքական էքսպանսիայի դեմ պայքարող երկրների շրջանակը, ինչի շնորհիվ այդ պայքարի արդյունավետությունը կմեծանա:
Թուրքական էքսպանսիայի դեմ պայքարում պետք է ակտիվորեն ներգրավվի նաև Հայաստանը՝ հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ինչը հատկապես արտահայտվեց հայ-ադրբեջաջանական սահմանին վերջին սրացման ժամանակ:
Հուլիսի 23-ին, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի «ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»:
Վարչապետի հայտարարությունից առնվազն հետևում է, որ Հայաստանն արդեն իսկ մասնակցություն ունի հակաթուրքական ֆորմատներում: Ուստի, անհրաժեշտություն կա հստակեցնելու, թե հակաթուրքական ինչ ձևաչափերում ենք մենք մասնակցում և ինչ ծավալներով:
Հայաստանը մինչ այժմ պաշտոնապես չի հայտարարել հակաթուրքական որևէ ձևաչափի միանալու մասին: Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ֆորմատը, որը ձևավորվել է դեռ 2019 թվականին, միջազգային հակաթուրքական դաշինք դժվար է անվանել:
Ինչ վերաբերում է միջազգային հակաթուրքական նախաձեռնություններին, ապա Հայաստանի ներգրավվածությունը տեսանելի է եղել միայն հունիսին՝ Թուրքիայի ներկայացուցչի՝ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրության լռության ընթացակարգը խախտելու գործընթացում: