Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին սադրանքի դիմելուն զուգընթաց Ադրբեջանն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, ինչը ենթադրում էր նաև դիրքորոշման որոշակի վերանայումներ մեր կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց, թե որն է այսուհետ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում:
Պետք է արձանագրել, որ կատարված վերանայումները կարևոր են Հայաստանի և Արցախի պետական և ազգային շահերի տեսանկյունից: Նախ, մեր դիրքորոշման մեջ արդեն չկա անհարկի կառուցողականության դրսևորումներ, բացակայում էր նաև վերջին երկու տարիներին որդեգրած բավականին խնդրահարույց բանաձևը՝ կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Վարչապետի ներկայացրած դիրքորոշման մեջ ամրագրվում է, որ առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
Մեր դիրքորոշումն այլևս ամրագրում է Արցախի սուբեյկտայնությունը: Բացի, Արցախի Հանրապետության՝ բանակցությունների լիրաժեք կողմ դառնալուց կարևորովում է նաև Արցախի Հանրապետության հետ սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:
Կարևորվում է նաև հրադադարի արդյունավետ միջազգային մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նշվում է, որ նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:
Նշենք, որ այս հարցը հայկական դիվանագիտության օրակարգում էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Այն ժամանակ Վիեննայի, Սանկտ Պետերբուրդի և Ժնևի պայմանավորվածություններով հաջողվեց Ադրբեջանին ստիպել համաձայնելու նման մեխանիզմների ներդրմանը: Սակայն Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո դրանք կարծես թե դուրս էին մնացել հայկական դիվանագիտության օրակարգից:
Հիմա նորից այդ հարցը վերադառնում է օրակարգ, ինչը ցույց է տալիս, որ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը մեզ համար չի ունեցել և չունի այլընտրանք:
Օրակարգում առաջնային է դառնում նաև հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները և նրանց իրավունքների իրացման հարցը:
Բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահության շրջանակից դուրս բերելու և Թուրքիայի ներգրավվածությունը մեծացնելու Ադրբեջանի ջանքերի ֆոնին կարևոր է ընդգծումը, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և, որ մենք մերժում ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
Նիկոլ Փաշինյանի հուլիսի 23-ի ելույթում ամրագրված կետերը, որոնք, ի դեպ կարելի է մեր շահերի տեսանկյունից էլ ավելի զարգացնել՝ այդ թվում դնելով Հայաստանի և Արցախի միջև ռազաքաղաքական դաշինք կնքելու, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ եռակողմ համաձայնագիր ստորագրելու հարցերը, կարող են հիմք դառնալ Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր հայեցակարգի ձևավորման համար: