Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի օմբուդսմեններ Սաբինա Ալիևայի և Արման Թաթոյանի հետ՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունները լուծելու համար, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:
«Ես ծայրաստիճան անհանգստացած եմ Մոսկվա քաղաքում ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև սկսված անկարգություններով, որոնց մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների 2020 թվականի հուլիսի 24-ի մոնիթորինգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մոսկալկովան նշել է, որ ատելության տարածումը և էթնիկ պատկանելության հողի վրա ֆիզիկական բռնությունն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում, խաթարում է կնքված մարդու իրավունքների ու ազատությունների միջազգային ունիվերսալ և կրոնական ակտերի հիմքերը, և կարող է հանգեցնել դրանց զանգվածային ոտնահարման և չվերականգնվող կորուստների»։
«Կոչ եմ անում կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին գոյություն ունեցող իրավական մեխանիզմերի շրջանակում գտնել ծագած խնդիրների լուծումը, ինչպես նաև հայտնում եմ պատրաստակամություն իմ գործընկերների՝ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հարցում լիազորված Ս․Ալիևայի և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ա․Թաթոյանի հետ ձեռնարկել միջոցներ իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»,-հավելել է օմբուդսմենը։