Տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները չեն դադարում: Կողմերը փոխադրաձ մեղադրանքներ են ներկայացնում դրանք հրահրելու մեջ:
Այս կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն՝ կոչ անելով իրենց համերկրացիներին չտրվել սադրանքներին: Սակայն ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարութունները և իրավիճակի վերլուծությունը ցույց են տալիս, որ տարբեր երկրներում իրավիճակի սրումը ծառայում է հենց ադրբեջանական քարոզչության շահերին, և այդ սադրանքներն ուղղորդվում են պաշտոնական Բաքվի կողմից:
Տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներն այժմ Ադրբեջանը փորձում է օգտագործել՝ միջազգային հանրությանը համոզելու համար, որ «Հայաստանը տարիներ շարունակ ադրբեջանաֆոբ քաղաքականություն է իրականացրել», և այս օրերին տեղի ունեցող բախումները հենց այդ քաղաքականության հետևանք են:
Միևնույն ժամանակ, նման բախումներ հրահրելով՝ Բաքուն փորձում է պայքարել հայկական լոբբիի դեմ: Մի կողմից, հայերի և ադրբեջանցիների միջև ուժի գործադրմամբ միջադեպերի մասին տեղեկություններն ազդում են այդ երկրներում համայնքների հեղինակության վրա, մյուս կողմից՝ նման սադրանքերը որոշակիորեն կաշկանդում են սփյուռքի մեր հայրենակիցներին իրենց խաղաղ ակցիաներում:
Նկատենք, որ այս բախումների կապակցությամբ Հայաստանի կոչերն ուղղված են գլխավորապես հայությանը՝ չտրվելու ադրբեջանական սադրանքներին, այնինչ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում միջադեպերի վրա՝ պահանջելով ապահովել ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների և ադրբեջանցիների անվտանգությունը:
Ընդ որում, այս հարցում Բաքուն որոշակի արդյուքներ ունի: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, որին ԱԳՆ էին հրավիրել հուլիսի 21-ին Լոս Անջելեսում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանությունից՝ հայերին մեղադրելով սադրանքի մեջ:
ԱՄՆ դեսպանի նման պնդումը պետք է Հայաստանի իշխանության մոտ առնվազն հարցեր առաջացներ: Եվ խնդիրը ոչ միայն ԱՄՆ դեսպանի ակհայտ կողմնակալ հայտարարությունէ,այլև ընդհանուր առմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հիշեցնենք, Հայաստանում ամերիկյան դեսպանատունը հայկական ԱԷԿ-ը հրթիռակոծելու Բաքվի սպառնալիքների կապակցությամբ, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, կողմերին կոչ էր արել հրաժարվել ուժի կիրառումից՝ առանց որևէ հասցեականության և առանց գլոբալ անվտանգության սպառնալիք հանդիսացող հայտարարության ուղիղ քննադատության:
Ըստ էության, հայ-ադրբեջանական բախումները կանխելու ուղղությամբ հայկական կողմի աշխատանքը չպետք է սահմանափակվի հայերին ուղղված կոչերով: Պետք է ակտիվ աշխատանք իրականացվի տարբեր երկրների համապատասխան մարմինների հետ՝ նման միջադեպերը բացառելու և հայության անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ: