Ստեփանակերտ. «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես
Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես. այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի կազմակերպիչ, «Արմատներ» կենսակենտրոնի տնօրեն Սարինե Հայրիյանն ասել է, որ միջոցառմանը մասնակցել է մինչև 16 տարեկան 20 երեխա:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի անց է կացվել արտակարգ իրավիճակում, փորձել են նոր մոտեցմամբ տոնն արժևորել:
«Պարտադիր պայման ենք համարել այն հանգամանքը, որ երեխաներն առանց որևէ մեկի միջնորդության իրենց նկարներում ներկայացնեն Նոր կորոնավիրուսի տարածման շրջանում իրենց զգացողությունները, ինչ են հասկանում համաճարակից, ինչպես են պայքարում դրա դեմ և այլն: Երեխաների մի մասը տեսակետներ է արտահայտել նկարների բովանդակության մասին: Ցուցահանդեսը ոգևորիչ էր երեխաների համար, քանի որ նրանք ինչ-որ կերպ կտրվել են իրենց առօրյայից և օրը դարձրել յուրահատուկ: Այս կերպ փորձել ենք նոր շունչ հաղորդել մշակութային կյանք»,-մասնավորապես ասել է Ս. Հայրիյանը՝ նշելով, որ նախաձեռնությունն իրականացնելիս ձեռնարկվել են բոլոր կանխարգելիչ միջոցները: