ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպման վերաբերյալ հայկական կողմն այս պահին տեղեկություն չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը:
«Այժմ գլխավոր խնդիրը հայ-ադրբերջանական սահմանին բավական լարված մնացող իրավիճակը լիցքաթափելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական որոշումների ակտիվացումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։