Չնայած տարածաշրջանում լարվածությունը սրող հայտարարութուններից և գործողություններից զերծ մնալու մասին միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի լեզվով: Զուգահեռաբար, Հայաստանի և Արցախի սահմանների մոտ Ադրբեջանն իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ Թուրքիայի հետ միասին:
Այսպիսով, Բաքուն Թուրքիայի հետ միասին փորձում է Հայաստանում և Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, ինչը, վերջիններիս հաշվարկով, կարող է ստիպել Հայաստանի իշխանությանը բանակցային սեղանին գնալ զիջումների:
Թուրք-ադրբեջանական այդ հաշվարկն, ըստ էության, իրեն չարդարացրեց: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի պայմաններում թուրք-ադրբեջանական զորավարժությունների թեման ու դրանից բխող հնարավոր սպառնալիքների մասին, իհարկե, Հայաստանում բարձրաձայնվեց, սակայն միանշանակ դրանք հանրության մոտ խուճապ չառաջացրեցին, ընդամենն ավելի մեծացրեցին մեր զգոնությունը:
Նշենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
Այսօր, արձագանքելով Ադրբեջանի նախագահի կողմից հնչած սպառնալիքներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը Բաքվի համար ևս մեկ անգամ հստակեցրեց, որ հայկական բանակը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները՝ չնայած մեր կողմից խաղաղասիրական հայտարարություններին:
Ռազմական առումով զգոնանալու կարիք կա ոչ միայն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների պատճառով: Նշենք, որ զուգահեռաբար լայմանամասշտաբ զորավարժությունները են իրականացնում նաև Ռուսաստանն ու Իրանը, ինչը տարածաշրջանում ստեղծում է բավականին զգայուն մթնոլորտ:
Սակայն զգոնանալու կարիք կա ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական ճակատում: Տավուշում հուլիսյան սրացումը Թուրքիան օգտագործեց Հարավային Կովկասում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դերակատարումը մեծացնելու համար: Ինչպես կարելի է ենթադրել այս համատեքստում ռուս-թուրքական շփումներից, Թուրքիայի ակտիվացումը միանգամայն ընկալելի է Մոսկվայի կողմից, որը կենսական շահեր ունի մեր տարածաշրջանում: Սա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում ունեն նույն մոտեցումը: Հիշեցնենք, որ ունենալով միանգամայն հակադիր մոտեցումներ Մոսկվան և Անկարան արդյունավետ կերպով համագործակցում են Սիրիայում:
Մեր տարածաշրջանում ևս այդ համագործակցությունն ավելի շատ նշանակում է միմյանց շահերը հաշվի առնելու կողմերի պատրաստակամություն: Այս համատեքստում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության կարիք կա: Ընդ որում, տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման հարցում բավականին կարևոր և արդյունավետ համագործակցության կարիք ունենք նաև Իրանի հետ: