ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր կնքեցին՝ վերահաստատելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակապի միջոցով:
ՀՀ ազգային ժողովի կողմից ստորագրել է Լիլիթ Մակունցը, իսկ Կոնգրեսի հայկական հարցրերի հանձնախմբի անունից Ֆրանկ Փալոնը: Հուշագիրը ստորագրվել է զուգահեռաբար երկու վայրերում՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունում և Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում: Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև երկու երկրների դեսպանները, ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է՝ իր համար մեծ պատիվ է ողջունել պատմական փաստաթղթի ստորագրման վիրտուալ արարողությանը: «Այսօրվա ստորագրման արարողությամբ խորացնելու ենք 28-ամյա գործընկերությունը, որ ձևավորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Գործընկերություն, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլար՝ աջակցելով, որ բարելավվի հայ ժողովրդի կյանքը, օգնելով հայ ժողորվրդին ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավման աշխատանքներում»,- ասել է նա:
Դեսպանը նշել է, որ Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար և այս շրջանակում իրենք ձգտում ենք աջակցել հայ ժողովրդին 2018-ի գարնանը սկիզբ առած գործընթացներում: Իսկ ՀՀ ազգային ժողովը նա կարևոր գործընկեր համարեց փոխադարձ դրական օրակարգը խորացնելու աշխատանքում:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել է՝ հրաշալի առիթ է, որը նոր էջ է բացում ՀՀ ազգային ժողովի և ԱՄՆ կոնգրեսի միջև համագործակցության շրջանակում, մասնավորապես բարեկամական խմբի և հայակական հարցերի հանձնախմբի միջև: «Մենք լիահույս ենք, որ այդ հարաբերություններն էլ ավելի կխորանան և կխորանան զուգահեռ ընդհանուր հարաբերություներին և այն ռազմավարական երկխոսությանը, որ ծավալվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Մենք ուրախ ենք, որ հիմա նույնը նոր քայլերով տեղի կունենա նաև օրենսդիր մարմինների բնագավառում»,-նշել է նա:
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կարևորել է, որ անգամ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում հեռավար եղանակով կարողանում են կազմակերպել ստորագրման արարողությունը: Նա հայտնեց, որ Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը և հանձնախմբի հանրապետական կուսակցության անդամները բոլորն են սատարում այս նախաձեռնությանը: