2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու և դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:
Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:
Փաստաթղթին վարչապետի ուղերձը կցելն իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս. անհասկանալի է՝ ուղերձը պաշտոնապես դիտվում է որպես ռազմավարության մա՞ս, թե՞ ոչ: Եվ եթե ուղերձում տեղ գտած մտքերն ունեն նման կարևորություն, որ այն կցվում է պաշտոնական փաստաթղթին, ինչո՞ւ չեն ներառվել բուն ռազմավարության մեջ:
Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում արտաքին քաղաքականությանը վերաբերյալ անդրադարձերին, ապա այստեղ կարիք կա դիտարկելու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն առանձին-առանձին՝ հասկանալու թե ուղղություններց յուրաքանչյուրի դեպքում մեր մոտեցումներում ինչ փոփոխություններ են ամրագրվել նոր փաստաթղթում և որքանով են դրանք ամրապնդում մեր դիրքերը: Այս նպատակով անհրաժեշտ է նաև դիտարկել 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարությունը:
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ
Նոր ռազմավարությունում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին առնչվող հատվածը չի համապատասխանում նման փաստաթղթերին առաջադրվող պահանջներին։ Նրանում տեղ գտած ձևակերպումները, կարելի է ասել, որ ավելի շատ հիշեցնում են բարի ցանկությունների շարադրանքի, բայց ոչ ազգային անվտանգության ռազմավարության: Այստեղ, այո, փորձ է արվել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի վրա հասցնել, սակայն թե ինչ գործիքակազմով և ինչպես է այդ նոր մակարդակն ապահովվելու այդ մասին փաստաթղթում ոչինչ չի նշվում:
Այսպես օրինակ, չնայած նրան, որ նոր ռազմավարությունում մեծ կարևորություն է տրվում Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականությանը և շեշտը դրվում է համահայկականության ձևավորման վրա, սակայն փաստաթուղթը չի ուրվագծում համահայկական միասնական օրակարգի մշակման ճանապարհային քարտեզը։ Նույն խնդիրն առկա է նաև հայրենադարձության, Սփյուռքում տարբեր համայնքների միջև նոր կապերի ամրապնդման, համաշխարհային հայության ներուժի իրացման հարցերում:
Նոր ռազմավարությունում խնդրահարույց է նաև հայապահապանության հարցը: Իհարկե, ինչպես 2007թ.-ի այնպես էլ 2020թ.-ի ռազմավարություններում կարևորություն է տրվում հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սակայն եթե նախկին ռազմավարությամբ հստակ նշվում էր ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը հասնելու քայլերը` ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում, ապա ներկայիս ռազմավարությունում կրկին չի նշվում, թե ինչ քայլերի միջոցով է Հայաստանը հասնելու աշխարհասփյուռ հայության ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Ավելին, կառուցվածքային խնդիրների պատճառով փաստաթղթում ամբողջական ձևով չի արտացոլվում հայության առջև ծառացած գլոբալ մարտահրավերները, որոնց թիվն ի դեպ քիչ չէ:
Ընդհանուր առմամբ փաստաթղթում համակարգված ձևով պետք է առանձնացված լիներ աշխարհասփյուռ հայության առջև ծառացած առավել կարևոր մարտահրավերների փաթեթը, դրանցից բխող հետևանքները և այդ հետևանքերի չեզոքացմանն ուղղված Հայաստանի հետագա քայլերը: Սակայն 2020թ.-ի Ազգային անվտանգության ռազմավարությունում ամբողջական խնդիրներն ու լուծումները հստակեցված չեն…