Օրերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն Ադամ Շիֆի նախագահությամբ հետախուզական թույլտվության մասին օրենքում ներառել է դրույթ (H.R.7856), որով ԱՄՆ հետախուզական հանրությանը կոչ է արվում Կոնգրեսին գրավոր գնահատական տրամադրել այն մասին, թե որ կողմն է նախաձեռնում ուժի կիրառում Արցախում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Սակայն հարկ է նշել, որ սույն օրինագիծը գտնվում է դեռևս օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն արդեն իսկ համաձայնություն է տվել հետախուզական թույլտվության մասին օրենքին: Ներկայումս այն պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեները պետք է քննարկեն առկա տարաձայնությունները, այնուհետև՝ օրինագիծը պետք է ընդունվի երկու պալատների կողմից, ապա՝ այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո միայն այն կդառնա օրենք։
Նշենք, որ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո Ազգային հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսի հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների լարվածության գրավոր գնահատականը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Գնահատականը պետք է ներառի ներքոնշյալ կետերը՝
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի խոսքով՝ այս կառուցողական նախաձեռնությունը, որը հիմնված է Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի վրա, կօգնի Կոնգրեսին պատասխանատվության ենթարկել Բաքվին, ստուգել նրա ժխտողականության փաստերը և նպաստել ավելի կայուն հրադադարի։
«Հետախուզական հանրության ավելի սևեռուն ուշադրությունը, Կոնգրեսի ավելի խիստ հսկողությունն ու լրացուցիչ հաշվետվողականությունը՝ կրակի աղբյուրը բացահայտող տեսասարքերի և ԵԱՀԿ դիտորդների տեսքով, անհրաժեշտ են, որպեսզի օգնեն կոտրել Բաքվի հարձակման անխոհեմ մոդելը», - ասել է նա:
Կարելի է ասել, որ այս օրինագիծը Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի շարունակությունն է: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ առաջարկելով
Հարկ է նշել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին համանախագահների մակարդակով համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս 2016թ.-ին: Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներով համաձայնություն էին ձեռք բերել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Հատկանշականն այն է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները տվել էին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցում: Սակայն 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մնացին ստվերում: Այս կարևոր համաձայնությունները զրոյացնելուց հետո իշխանությունները սկսեցին դրանց մասին խոսել միայն 2020թ.-ի Տավուշյան դեպքերից հետո…
Ներկայացված օրինագիծը բավականին կարևոր է Հայաստանի և Արցախի համար: Ընդունման դեպքում այն կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար: Հետևաբար՝ նպատակահարմար կլինի, որ ՀՀ իշխանությունները ներքին խողովակներով իրենց նպաստն ունենան օրինագծի ընդունման հարցում: