Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին երկրի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողության հետևանքով իրաքցի երկու բարձրաստիճան զինվորականների մահվան պատճառով չեղարկում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` օգոստոսի 13-ին նախատեսված այցը երկիր: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է anfturkce.com կայքը:
Իր հերթին, երկրի արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել երկրում Թուրքիայի դեսպանին և «բողոքի նոտա հղել» նրան` նշելով, որ Իրաքը դեմ է իր երկրի տարածքում անցկացվող ռազմական գործողություններին:
Թուրքիայի դեսպանը հունիս ամսից սկսած արդեն երրորդ անգամ է կանչվում Իրաքի ԱԳՆ:
Նախագահական նստավայրը նույնպես կոչ է արել Թուրքիային դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրաքյան հյուսիսային Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողության մեկնարկի մասին: