Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել «տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում»: «Ռուսական կողմը ընդգծել է լարվածությունը սրող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը»:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր: «Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը: Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ»: