ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մշտապես քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ որ մեկնում է, նա ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է տարածում: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պոմպեոն, ղեկավարվելով սառը պատերազմի և սեփական շահադիտական գաղափարներով, կրկին և կրկին անհիմն կերպով քննադատում է Չինաստանի Կոմկուսին, ինչպես նաև ՉԺՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Չինաստանն արդեն բազմաթիվ անգամ իր վճռական դիրքորոշումն է հայտնել այդ կապակցությամբ»,- հայտնել է Չժաո Լիցզյանը:
Դիվանագետի խոսքով՝ Պոմպեոն և նրա նմանները փորձում են «միջազգային հանրությանը կապել հակաչինական ու հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրությունը պարզորոշ կերպով այդ ամենը տեսնում է և թույլ չի տալիս իրեն համոզել, ուստի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չեխիա կատարած այցի ընթացքում, ասել էր, որ Ռուսաստանը ձգտում է խարխլել Չեխիայի անվտանգությունը, տարածել ապատեղեկատվություն և կիբերհարձակումներ իրականացնել, իսկ Չինաստանը փորձում է ամենուրեք վերահսկել բիզնեսը: