Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է «շատ լավ հնարավորության» մասին առ այն, որ Իսրայելը և արաբական աշխարհի ևս մի երկիր առաջիկա երեք ամսվա ընթացքում կհայտարարեն խաղաղության համաձայնագրի մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Ավելի վաղ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել էին հարաբերությունների վերականգնման մասին:
«Ես իսկապես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- ասել է Դոնալդ Թրամփի փեսան, ով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչն է Մերձավոր Արևելքում, երբ նրան հարցրել են` կարո՞ղ է արդյոք նման ևս մեկ բեկում լինել առաջիկա 90 օրվա ընթացքում` մասնավորապես Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում:
Նա Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված համաձայնագիրը բնութագրել է որպես «իրադարձություն, որը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացմանը», և նշել է, որ «մենք հույս ունենք, որ մյուս երկրները կսկսեն նույնն անել»:
Քուշները հերքել է պնդումներն այն մասին, որ պաղեստինցիները սառն են վերաբերվել այդ լուրերին` «դրանք բավականին կանխատեսելի արձագանք անվանելով, որը իրենք տեսնում են կրկին ու կրկին»:
ԱՄԷ-ն դարձել է արաբական երրորդ երկիրը, որը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ` Եգիպտոսից և Հորդանանից հետո: