Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրն անտեսում է պաղեստինցիների կամքը, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի կոշտ պատասխանին Միացյալ Նահանգների, Իսրայելի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանը: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել պլանը, որը մշակվել էր Արաբական պետությունների լիգայի կողմից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 2002 թվականին և աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից, ԱՄԷ-ն փորձում է հրաժարվել դրանից միակողմանի շահի համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ոչ մի հիմք չկա եռակողմ հայտարարությունը որպես պաղեստինյան գործին աջակցություն ներկայացնելու համար:
«Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք փորձում են գաղտնի հաշվարկներ անել մահացած ծնված և անվավեր ԱՄՆ պլանի վրա, անտեսում են Պաղեստինի կամքը: Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը իրավունք չունի բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և զիջումների գնալ դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության: Տարածաշրջանի ժողովուրդները չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որը դավաճանել է պաղեստինցիներին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համաձայնագիրն Իսրայելի համար երրորդ համաձայնագիրը կդառնա` 1979 և 1994 թվականներին Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո: Իսրայելը նաև պայմանագիր էր կնքել Մավրիտանիայի հետ, որը ներկայումս չի գործում, և` միջանկյալ համաձայնագրեր պաղեստինցիների հետ: ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը