Արաբական Միացյալ էմիրությունները դարձավ արաբական երրորդ և Ծոցի առաջին երկիրը, որը հայտարարեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնության մասին: Մերձավորարևելյան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման գաղափարը հստակ բովանդակություն է ստացել վերջին 6 շաբաթվա ընթացքում: Սակայն գործընթացն, ըստ էության, սկսվել էր ավելի վաղ:
Վերջին տարիներին ակտիվացում էր նկատվում երկու երկրների միջև շփումներում՝ հատկապես կոմերցիոն և տեխնոլոգիաների ոլորտներում: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման որոշակի գործընթացի մասին էր վկայում նաև այս տարվա գարնանը Պաղեստինի համար հումանիտար բեռով էմիրաթական երկու ինքնաթիռի ժամանումն Իսրայելի Բեն Գուրիոնի անվան օդանավակայան: Սա երկու պետությունների պատմության մեջ աննախադեպ էր:
Պետք է նկատել, որ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հարցում մեծ «ներդրում» ունի Իրանը: Վերջինիս տարածաշրջանային քաղաքականությունը, և մասնավորապես Սիրիայում իրանական ազդեցության մեծացման հեռանկարը, հակասում է ինչպես Աբու Դաբիի, այնպես էլ Թել-Ավիվի շահերին, ինչը վերջիններիս դարձնում է բնական դաշնակիցներ: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում էական դերակատարում ունեցավ Միացյալ Նահանգները, որը դրանով միանգամից մի քանի հարց է լուծում: ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հասնելը բարձրացնում է Թրամփի վարկանիշը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Տարածաշրջանում իր դաշնակիցներին Իրանի դեմ միավորելով, Թրամփի վարչակազմը փորձում է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ, մյուս կողմից ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է որոշակիորեն թուլացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան քաղաքականության նկատմամբ արաբական և իսլամական երկրների դիմակայությունը:
Վերջինի առնչությամբ պետք է նկատել, որ Ծոցի երկրները պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացում, այդ թվում նաև Իսրայելի նկատմամբ թշնամանքի հարցում, որպես կանոն, անհամեմատ ավելի զուսպ են եղել, քան օրինակ Սիրիան, Հորդանանը, Եգիպտոսը: Այդ զսպվածությունը որոշակիորեն խոչընդոտում է արաբական և իսլամական աշխարհում վերջինների ազդեցության ուժեղացմանը, իսկ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է էլ ավելի թուլացնել վերջիններիս դիրքերն արաբական և իսլամական աշխարհում: Հիշեցնենք, որ նախ Եգիպտոսի, ապա Հորդանանի կողմից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վերջինների կողմից բավականին դժվար մարսվեց:
Այս առումով Աբու Դաբին շտապում է հանգստացնել, որ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը մնում է նույնը, և որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատման հարցում ԱՄԷ կողմից ավելի կառուցողական դերակատարում ունենալու համար:
Սակայն ավելի կարևոր է ԱՄԷ հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում Արևմտյան ափում Իսրայելի ինքնիշխանության հաստատումից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ժամանակավորապես հրաժարվելը: Սա, ենթադրվում է, որ կարող է որոշակիորեն մեղմել ԱՄԷ այս քայլի նկատմամբ բացասական վերաբերմունքն արաբական և իսլամական աշխարհում:
Նշենք, որ արաբական և իսլամական երկրների վերաբերմունքն ԱՄԷ-ի և
Իսրայելի միջև հարաբերութունների կարգավորման գործընթացին կարող է կանխորոշիչ լինել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման համար:
ԱՄՆ միջնորդությամբ էր-Ռիադի և Թել Ավիվի միջև որոշակի գործընթացի և հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին խոսվում է վաղուց, սակայն տեսանելի առաջընթացին խանգարում է Սաուդյան Արաբիայի մտահոգությունները կապված արաբական և իսլամական աշխահի կողմից հնարավոր արձագանքների հետ:
Ծոցի արաբական երկրների արտաքին քաղաքականություն տեղի ունեցող այս տրանսֆորմացիաներն աշխատանքի լայն դաշտ են բացում նաև Հայաստանի համար տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ապակառուցողական քաղաքականության դեմ պայքարելում այդ երկրների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնելու համար, ինչն արդյունքում կարող է էականորեն նվազեցնել թուրք-ադրբեջանական հակահայկական նախաձեռնությունների ազդեցությունն իսլամական աշխարհում: