ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ ասաց, թե ինչպես կպատասխաներ այն հարցին, որը BBC–ի «Hard Talk» հաղորդման ժամանակ հաղորդավարն ուղղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ հաղորդավարը Փաշինյանին հարցրել էր` պատրա՞ստ է Ադրբեջանից ներողություն խնդրել հայերի «ռազմական հանցագործությունների համար», և հարցրեց` ո՞րը կլիներ Սարգսյանի պատասխանը։
«Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի։ Իսկ ինչի՞ համար Հայաստանը պետք է Ադրբեջանից ներողություն խնդրի։ Ա՞յն բանի համար, որ հայերը, հետևելով օրենքի տառին, փորձում էին խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին` փորձելով զենքով ճնշում գործադրել։ Ադրբեջանից պետք է ներողություն խնդրեի՞նք, որ իրենց կրակակետերը դրել էին բնակավայրերում և իրենց ապահով էին զգում` հրետակոծելով խաղաղ բնակչությանը։ 1992-ին մինչև մայիս օր է եղել` Ստեփանակերտում մինչև 300 արկ է ընկել։ Այդ բանի համա՞ր պետք է ներողություն խնդրեինք»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց` ո՛չ ինքը, ո՛չ էլ իր մարտական ընկերները բարդույթ չունեն ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Սարգսյանի խոսքով` ամաչելու ոչինչ չունենք, կամաչեին, եթե հավաքվեին Երևանում և «Ստեփանակերտ–Ստեփանակերտ երգեին»։
Հիշեցնենք, որ BBC–ի «Hard Talk» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն հարցին պատասխանել էր` ասելով, որ ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է. այդ իսկ պատճառով Հայաստանն ասում է՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման ցանկացած հնարավորությունից: Նրա խոսքով` դեռ հարկավոր է ապացուցել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Նա ասել էր` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերը վայրագության զոհն են, և դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի: