ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին պաշտոնապես հաստատել է որպես փոխնախագահի թեկնածու: Այդ մասին հայտարարել են կուսակցության համագումարում, որը վիրկուալ ձևաչափով անցկացվում է Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ):
Հարիսը դարձել է առաջին աֆրոամերիկացին, որն առաջադրվել է այդ պաշտոնի համար. նա ընտրվելու է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Ջո Բայդենի հետ:
Ելույթ ունենալով համագումարում՝ քաղաքական գործիչը հայտարարել է երկրում կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին, որը հանգեցնում է կորոնավիրուսից աֆրո- և լատինամերիկացիների, ինչպես նաև բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մեծ թվով մահերի:
Նրա խոսքով՝ ռասիզմն անհավասարության ձևով արտահայտվում է կրթության, առողջապահության (ներառյալ վերարտադրողական և մայրական առողջությունը), բնակվայրի, զբաղվածության ապահովման և տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև «ոստիկանության կողմից ուժի չափազանց կիրառման մեջ և մեր քրեական արդարադատության ավելի լայն համակարգում»: