Թուրքիայի կառավարությունը որոշել է մզկիթի վերածել Խորի մենաստանը, որի ներքո գործում է Ամենափրկիչ եկեղեցին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա Կոմմինների կայսերական դարաշրջանի ամենանշանակալի բյուզանդական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոցային որմնանկարներով, և մզկիթի է վերածվում նույն ընթացակարգերով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն հանձնվում է Կրոնական գործերի վարչությանը և, ինչպես սպասվում է, կփակվեն բյուզանդական որմնանկարները, որպեսզի այն եկեղեցուց մզկիթի վերածեն»,- հաղորդել է հունական ERT հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչև այսօր, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը, հաղորդում է հեռուստաալիքը:
Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ Ստամբուլի Խորի Սբ․ Ամենափրկիչը կօգտագործվի մահմեդական աղոթքների համար:
Խորի Սբ․ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ. 534 թվականին։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին մզկիթի է վերածվել Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։