Վանա լճում թուրք սուզորդները միկրոբիալիթներ են նկատել։ Դրացից մեկը ենթադրաբար 50 հազար տարեկան է, իսկ մյուսը՝ 70 հազար։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Վանա լճում գիտնականները գրեթե ամեն օր նորանոր հայտնագործություններ են անում։ Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել են 2 մեծ միկրոբիալիթներ, որոնցից մեկը շուրջ 50 հազար տարեկան է և 18 մ բարձրություն ունի, իսկ մյուսը՝ 68-70 հազարամյան՝ 23․4 մ։
Թուրք գիտնականներից Թահսին Ջեյլանը թուրքական լրատվամիջոցին հայտնել է, որ իրենք շարունակելու են գիտական ուսումնասիրությունները Վանա լճում։ Նա նաև իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Վանում սուզորդների միայն մի դպրոց է գործում։
Սուզորդների մարզիչ Սերքան Օքը հույս է հայտնել, թե այս հայտնագործությունից հետո Վան եկող զբոսաշրջիկների թիվը կավելանա, քանի որ դրանք աշխարհի ամենամեծ միկրոբիալիթներն են։
Լուսանկարիչ Մեհթափ Աքբաշ Չիֆթչին ընդգծել է, որ վերջին տարիներին Վանում հաճախակի են դարձել նման հայտնագործությունները և նշել, որ այս հայտնագործության շնորհիվ Վանում կզարգանա ստորջրյա զբոսաշրջությունը։
Նա նաև հիշեցրել է, որ Վանա լճի հատակին պահպանվում են շատ պատմական հուշարձաններ։
Հիշեցնենք, որ դրանք դեռևս 2019 թ․ սեպտեմբերին նկատել և լուսանկարել էին նաև հայ սուզորդները, մասնավորապես՝ «ԱրմԴայվինգ» սուզորդների ակումբի անդամները։