ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում երեքշաբթի կայցելի Խարտում և բանակցություններ կվարի Սուդանի վարչապետ Աբդալլահ Խամդուկի հետ։ Այս մասին հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը անցումային կառավարության ղեկավարի հետ կքննարկի Սուդանի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Պոմպեոն երկուշաբթի Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Բենի Գանցի և հրեական պետության արտգործնախարար Գաբի Աշկենազիի հետ։ Բանակցությունների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցությանը հակազդելու ջանքերին և Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համաձայնագրերին»։
Պոմպեոն The Jerusalem Post պարբերականի հետ հարցազրույցում շեշտել է, թե չի կարող կանխատեսել՝ ստույգ երբ տեղի կունենա Սուդանի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, սակայն, նրա խոսքով, «դա ընդամենը ժամանակի հարց է»։ «Ես կարծում եմ, որ դա ամբողջ տարածաշրջանի համար ճիշտ քայլ կլինի, և առաջիկա ամիսներին մենք կտեսնենք, թե ինչպես են ԱՄԷ-ի օրինակին հետևում նոր երկրներ»,- նշել է նա։