Երևանի Ռայնիսի փողոցում մասնակի փլուզված շենքի փլատակների տակից դուրս է բերվել քաղաքացու դին, հայտնում է Panorama.am-ը։
«Փլատակների տակից դուրս բերվեց երրորդ տուժածը, որը մահացած էր։ Փրկարարները նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա։ Ամբողջովին փլատակի տակ էր մնացել։ Հավանաբար քնած էր եղել, քանի որ մահճակալի հատվածները քանդեցին»,- լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա երրորդ հարկի բնակիչն է եղել։ Տղամարդը 56 տարեկան էր։
Նախարարը նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկություններով, պետք է հենց երեք մարդ մնացած լինեին փլատակների տակ, որից երկուսին ավելի վաղ դուրս էին հանել։ Տուծաժները հոսպիտալացվել էին։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք՝ ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։