Ռուսաստանի Դաշնությունում է հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում, ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Արցախի նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների սահմանված եթերաժամանակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը:
Ի հեճուկս տարբեր տրամադրություններ սերմանողների, որոնց պատվիրատուն հաճախ չգիտենք, թե որ պետությունից է, նշեմ, որ առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունը իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին...», - գրել է նա։