ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ իրավունք ընձեռելով զինվորականներին կրակել ցանկացածի ուղղությամբ, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:
Այս միջոցը նպատակ ունի կանխել երկրի տարածք նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը, օգոստոսի 27-ին հաղորդում է RFA ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Համգյոն Փուքթոյի նահանգից իր աղբյուրներին:
«Հվերյոն քաղաքի ոստիկանությունը հրապարակել է նախազգուշացում հանրային անվտանգության նախարարության անունից, որտեղ ասված է, որ կորոնավիրուսը տարածվել է ամենուրեք, բացի ԿԺԴՀ-ից, և որ թշնամիները փորձում են այն ժողովրդական հանրապետություն բերել սահմաններով»,- նշում է RFA-ն:
Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ միջոցները գործում են Չինաստանի հետ ամբողջ սահմանի երկարությամբ, որն ավելի քան 1,4 հազար կիլոմետր է: Մի այլ աղբյուր RFA-ին հավաստել է, որ զինծառայողներին այդ շրջանում բաժանել են մարտական փամփուշտներ: