Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով՝ նվիրված միջուկային զինանոցների կրճատման հարցին: Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նազարբաևն իր գաղափարը հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի՝ օգոստոսի 26-ին կայացած հատուկ նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում:
Նրա ուղերձն ընթերցել է արտաքին գործերի նախարար Մուհթար Տլեուբերդին:
«1991 թվականին ձեռք բերելով անկախություն՝ Ղազախստանը կատարեց հոժարակամ ընտրություն հօգուտ միջուկային զենքի՝ մոլորակում հզորությամբ չորրորդ զինանոցից հրաժարման:
Պատմությունը հավաստեց սույն քայլի ճշտությունը. մեր ցայտուն օրինակով մենք ցույց տվեցինք, որ առաջընթացի և բարգավաճման ուղիով կարելի է ընթանալ խաղաղ միջոցով»,- մեջբերել է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը Նազարբաևի խոսքը:
Նա դիմել է միջազգային հանրակցությանը՝ Ղազախստանի օրինակին հետևելու և միջուկային զինաթափման ոլորտում ջանքերը միավորելու կոչով:
«Կարծում եմ, որ մոլորակի վաղվա օրվա համար առանձնահատուկ պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության ղեկավարները: Համոզված եմ, որ եթե գագաթնաժողով անցկացվի այդ քառակողմ ձևաչափով, ապա դրա գլխավոր թեմաներից մեկը պետք է դառնա միջուկային սպառազինությունների փուլ առ փուլ և համամասնական կրճատման բազմակողմ համաձայնագրի մշակումը: Ղազախստանը պատարստ է տրամադրելու իր հարթակն այդ գագաթնաժողովի համար»,- հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահը: