ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն) անկարգությունների ժամանակ, և Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում հրահրելու մեջ:
«Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում եմ այդպիսի բռնությունը: Եվ ես կոչ եմ անում Դոնալդ Թրամփին նույնն անել»,- ասել է Բայդենը:
Նա նշել է, որ Թրամփը չի կարողանում կատարել նախագահի աշխատանքը, քանի որ նրա հռետորաբանությունը հասարակական լարվածության աճի է հանգեցնում, մինչդեռ պետության ղեկավարի պարտականությունն է «իջեցնել ջերմաստիճանը» հասարակության մեջ և հաշտեցնել տարաձայնություններ ունեցողներին:
Բայդենը ցավակցություն է հայտնել մարդու մահվան կապակցությամբ անցած գիշեր Պորտլենդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: