Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը կարևորել է նրանց ունեցած նշանակալի ավանդը 2008-2012 թվականներին Ստեփանակերտի մշտական և բնականոն ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել պետական բարձր պարգևներ։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Մայրաքաղաքի մշտական ու կանոնավոր ջրամատակարարման խնդիրը տասնամյակներ ի վեր անլուծելի էր թվում: Դիտավորությամբ, թե այլ պատճառով խորհրդային տարիներին հարցին հիմնավոր լուծում տալու համար ոչ մի էական քայլ չի ձեռնարկվել:
2008թ.-ին ԱՀ Կառավարությունը սկսեց այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ իրականացնել, որոնք հաջողությամբ ավարտեցինք 2012թ.-ին: Այդ մեծ գործում ունեցած նշանակալի ավանդի համար այսօր, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, պետական բարձր պարգևներ եմ հանձնել մի խումբ երախտավորների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը: