«Այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունն ու ինչպես նաև ստանձնելու միջազգային պարտավորություններ՝ հատկապես ժողովրդավարության ու մարդու իրավունքների առաջ մղման ուղղությամբ»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով լրագրողների հետ հանդիպումը սկսեց Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ շնորհավորանքով, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, Արցախի ժողովուրդը ժողովրդավարության ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում ու նախ և առաջ խաղաղ գործընթացում։
«Լիազորել է նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման ու բարգավաճման համար ներքին ու արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Ա. Նաղդալյանը։
ԱԳ նախարարության խոսնակը հավաստեց, որ արցախցի իրենց գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն տարբեր մակարդակներով, պատրաստակամ են ձեռնարկել շարունակական քայլեր այդ համագործակցության զարգացման համար։