Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ռուսաստանի հարցով դիտորդական հանձնաժողովի զեկուցողները Մոսկվային կոչ են արել անհապաղ պարզաբանումներ տալ բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ այն բանից հետո, երբ գերմանական իշխանությունները հայտարարել են, որ նա թունավորվել է «Նովիչոկ» նյութից: Համապատասխան կոչը տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Սա իրադարձությունների շատ տագնապալի շրջադարձ է և անհապաղ բացատրություն է պահանջում Ռուսաստանի իշխանություններից: Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք այս հարձակումը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում պարոն Նավալնուն»,- հայտարարել են Ակսել Շեֆերը (Գերմանիա, սոցիալիստների քաղաքական խումբ) և Ռիա Օմեն-Ռույտենը (Նիդեռլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբ): Նրանք Ռուսաստանին կոչ են արել «լույս սփռել Նավալնու թունավորման հանգամանքների վրա» և «ընդունել միջազգային քննիչներին, եթե նման առաջարկ լինի միջազգային հանրությունից»: