Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերն էլ ավելի մեծ խառնաշփոթ են առաջացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական պետությունների վարած քաղաքականության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի դիրքորոշումները նույնական են` սկզբում անգամ դետալներում, հետո պարզվեց, որ որոշ նյուանսային տարբերություններ, այնուամենայնիվ, կան: Արայիկ Հարությունյանն իր ասուլիսի ընթացքում վերահաստատում է այս մոտեցումը, սակայն որոշ հարցերում Արցախի նախագահի հնչեցրած մոտեցումները կտրուկ տարբերվում էին պաշտոնական Երևանի դիրքորոշումից: Այսպես, հուլիսի 23-ին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը կրկին շեշտեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, սակայն Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը մտադիր չէ բանակցությունների գնալ Ադրբեջանի իշխանության հետ: Ավելին, Արայիկ Հարությունյանը կասկածի տակ է դնում այժմ Ադրբեջանի հետ բանակցությունների նպատակահարմարությունն այն դեպքում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան օրերս ռուսական Ինտերֆակսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է բանակցությունների:
Այսպիսով, առնվազն այս հարցում, չնայած պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի հավաստիացումներին, վերջիներիս դիրքորոշումները ոչ միայն նույնական չեն, այլև կա տեսանելի կտրուկ տարբերություն:
Բացի այդ, Արցախի նախագահը հայտարարեց, որ պետք է պատրաստվել պատերազմի այն դեպքում, երբ Երևանը պնդում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Բավականին խնդրահարույց էր նաև Արայիկ Հարությունյանի պնդումն այն մասին, որ Արցախի միջազգային ճանաչումը կարևոր չէ և մեր միակ խնդիրը պետք է լինի անվտանգության ապահովումը և ստատուս-քվոյի պահպանումը:
Արցախյան հակամարտության հիմքում Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի ճանաչումն է: Երբ Արցախի իշխանությունն այդ հարցը դարձնում է անկարևոր, սա լուրջ հարված կարող է բերել բանակցային սեղանին հայկական կողմերի դիրքերին: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այն ուղղակիորեն փոխկապակցված է Արցախի անվտանգության խնդրի հետ:
Ի դեպ, այս հարցում ևս, ինչպես պարզ է դառնում, Հայաստանի իշխանության հետ Արցախում համակարծիք չեն: Հուլիսի 23-ին վարչապետի ներկայացրած դիրքորոշման մեջ ընդգծվում է, որ առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:
Բացի այն, որ Արցախի նախագահի հնչեցրած թեզերը բավականին վտանգավոր են, դրանք նաև նոր խառնաշփոթ են առաջացնում Հայաստանի, Արցախի և միջազգային հանրության համար: Կարգավորման գործընթացի վերաբերյալ Արայիկ Հարությունյան հնչեցրած մոտեցումներն արդյոք արտահայտո՞ւմ են Հայաստանի իշխանության դիրքորոշումը, թե ուղղակի պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը «նյուանսներում տարբերվող նույնական դիրքորոշում» ասելով ի նկատի են ունեցել միմյանց հակառակ մոտեցումներ որոշ, շատ սկզբունքային հարցերում: