Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցերն ու երկկողմ հարաբերությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Անադոլու» գործակալությունը:
Տեսակոնֆերանսի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում իրենց գործողությունները «ուղղված են Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանությանը, և դրանից շահում են բոլոր առափնյա երկրները, իսկ Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի գործողությունները փակուղի են տանում այդ բոլոր ջանքերն ու ավելացնում են լարվածությունը»:
Էրդողանը հայտարարել է նաև, որ իրենք ողջունում են Անգելա Մերկելի ջանքերը, որոնք ներդրվել են «Հունաստանի և իր աջակից երկրների քայլերով տարածաշրջանային խաղաղությանը հասցված վնասի պատճառով» ստեղծված խնդրի լուծման համար: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի պաշտւոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: