Սեպտեմբերի 9-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին տեղեկանում ենք Վեհափառի ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեկ ամիս առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին և դրանից հետո ՀՀ կողմից ցուցաբերված օժանդակությանը Լիբանանի ժողովրդին և մասնավորապես հայ համայնքին:
Վեհափառը ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող իրավիճակը և տարվող աշխատանքները, ինչպես նաև գնահատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին։
Հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին և աշխատակիցներին։ Իսկ Սիրիայի դեպքում, օժանդակություն է տրվելու նաև կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։