Այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- գրել է վարչապետի խոսնակը: