ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:
Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները մանրակրկիտ ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահներին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:
Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում հստակեցնելու իրենց համապատասխան դիրքորոշումները՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման նպատակով: