2021 թվականի սկզբին Միացյալ Նահանգները պատրաստվում է զորավարժություններ անցկացնել, որոնք կներառեն անօդաչու և անանձնակազմ սարքեր: Սա աշխարհում առաջին նման վարժանքն է, հաղորդում է BBC-ն:
Զորավարժությունները կկոչվեն «Նավատորմի ուսումնառազմական առաջադրանք» (Fleet Battle Problem): Դրանք կներառեն անօդաչու և անանձնակազմ տրանսպորտային միջոցներ՝ օդում, ջրի վրա և ջրի տակ:
Այս ծրագրերի մասին Անօդաչու համակարգերի միջազգային ասոցիացիայի (AUVSI) տարեկան համաժողովում խոսել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմածովային շտաբի պետ, ծովակալ Ռոբերտ Գոշեն:
Այս սարքերն արդեն գտնվում են ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Խոսքը նորագույն վերջրյա և ստորջրյա նավերի և օդային դրոնների մասին է։
Գոշեի խոսքերով՝ թեև անօդաչուների օգտագործմամբ մարտական գործողությունների առանձնահատկությունները դեռ մշակվում են, Ռազմածովային ուժերը առավելագույն ուշադրություն են դարձնում այդպիսի մեքենաներին բոլոր միջավայրերում: «Մենք դեռ չենք մշակել բոլոր մանրամասները: Ես գիտեմ, որ հրամանատարության և վերահսկման գործոնը այնտեղ կարևոր կլինի, երբ նայենք, թե որ հրամանատարության և կառավարման սխեման է ավելի լավ գործում»,- Գոշեի խոսքերն է մեջբերում Sea Power Magazine-ը: Ըստ նրա՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները կփորձեն պարզել, թե որքանով կարող են ինքնավար լինել այդ սարքերը, ինչպես դրանք ավելի լավ կարելի է վերահսկել ափից կամ ծովից: