ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով նախօրեին ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, Twitter-ում հայտարարել է, որ Իրանի ցանկացած հարձակման դեպքում ԱՄՆ-ի պատասխանը «1000 անգամ ավելի մասշտաբային կլինի», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ Իրանը ԱՄՆ-ի դեմ սպանություն կամ այլ հարձակում է ծրագրում՝ ի պատասխան ահաբեկիչների առաջնորդ Սոլեյմանիի սպանության։ ԱՄՆ-ի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը 1000 անգամ ավելի մասշտաբային պատասխան կստանա»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ։
ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պրետորիայում Իրանի դեսպանատունը ներգրավված է դավադրության մեջ, իսկ Մարքսին ի սկզբանե տեղյակ են պահել իրեն սպառնացող վտանգի մասին։
Նշվում է, որ հնարավոր է՝ սպանության համար հենց Լանա Մարքսն է ընտրվել, քանի որ վերջինս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի ընկերն է։
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանի դեմ մահափորձ իրականացնելու Թեհրանի մտադրության մասին պնդումներն անհիմն են:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: