Բելառուսը չի բացառում ուժային պատասխանի հնարավորությունը ռազմական սպառնալիքներին` Միութենական պետության (ՄՊ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասով համաձայնագրերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Օլեգ Վոինովը, ում խոսքերը երեքշաբթի մեջբերել է երկրի պաշտպանության նախարարության կայքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ի թիվս այլ բաների, մենք չենք բացառում նաև արձագանքման ուժային տարբերակն ուղիղ ռազմական սպառնալիքներին` Միութենական պետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում` Բելառուսի դեմ բաց ռազմական ագրեսիայի և զինված բախման դեպքում»,- նշել է հանրապետության ՊՆ ներկայացուցիչը:
«Ներկայիս դժվարին պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք մենակ չենք մնացել: Մեր ամենամոտ գործընկերների, հատկապես` մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության և «երկաթե եղբայր» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է»,- նշվում է հայտարարության տեքստում:
Բելառուսի հարևան մի շարք պետություններ փորձում են պառակտել Միութենական պետությունը և կռվեցնել Մինսկը Մոսկվայի հետ, ասել է Վոինովը:
«Մեր հարևանների բոլոր այդպիսի գործողություններն ու հայտարարությունները մի ուղղվածություն ունեն` պառակտել Միութենական պետությունը, խզել հարաբերությունները Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է Բելառուսի ՊՆ ներկայացուցիչը:
Լեհաստանը և Լիտվան նպաստել են Բելառուսում իրավիճակի ապակայունացման գործընթացին, նշել են գերատեսչությունում: