Սեպտեմբերի մեկից Հայաստանում ուժի մեջ է մտել հագուստի և կոշիկի մաքսազերծման նոր կարգը:
Ըստ նոր կանոնակարգի, այսուհետ հագուստն ու կոշիկը մասքազերծվելու է ներկրվող այլ ապրանքների օրինակով: Եթե մինչ այժմ գործում էր նշված ապրանքների համար մեկ կիլոգրամի դիմաց 3,25 դոլար մաքսային վճար՝ անկախ ապրանքի որակական և այլ հատկանիշներից, ապա նոր կարգի համաձայն, ներկրվող յուրաքանչյուր ապրանք մաքսազերծվելու է առանձին: Մաքսավճարը կազմելու է ապրանքի 30 տոկոսի չափ: Ներկրվող յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա հաշիվ-ապրանքագիր (ինվոյս), որտեղ պետք է նշված լինեն ապրանքների քանակները, գները, անվանումներն ու մոդելները։
Նոր կանոնակարգով սահմանվում է, որ հագուստի համար գործելու են հսկիչ գներ: Դա նշանակում է, որ օրինակ, անհատ ներկրողի կողմից մաքսազերծվող ջինսե տաբատի համար մաքսային վճարը հաշվարկվելու է շուկայական միջին գներով: ՊԵԿ-ից վստահեցնում են, որ հսկիչ գները սահմանվել են շուկայական միջին գներով: Մինչդեռ Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցների պնդմամբ, հսկիչ գները համապատասխանում են սանդղակի վերին շեմին: Սա, իհարկե, մեծ հաշվով երկխոսության խնդիր է և չի բացառվում, որ ՊԵԿ-ի հավաստիացումներն առ այն, որ ակցիայի մասնակիցներին իսկզբանե մաքսային անցակետի աշխատակիցն է սխալ գնային սանդղակ ներկայացրել, ճիշտ է, և այս մասով խնդիրը լուծելի է: Մինչդեռ անգամ այս պարագայում, հագուստի մաքսազերծման արժեքը կթանկանա 1,5-2 անգամ, ինչպես հավաստիացնում է ՊԵԿ-ը:
Նոր կարգի հաջորդ կետը կեղծ բրենդային ապրանքների կատեգորիայի վերացմանն է վերաբերում: Այսպիսով, հագուստ ներկրողների համար որևէ կերպ ձեռնտու չի լինի կեղծ բրենդային հագուստ կամ կոշիկ ներկրելը, քանի որ այն կմաքսազերծվի բրենդային հագուստի գներով: Նույն կերպ, այլևս հնարավոր չի լինի իրական բրենդային ապրանքները կեղծ բրենդի ներքո ներկրելն, այսինքն՝ էժան մաքսազերծելը: Սա, իհարկե հագուստի ու կոշկեղենի շուկայում իսկապես կնպաստի իրավահավասարությանը: Մյուս կողմից նոր կանոնակարգը գուցե ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի տեքստիլի տեղական արտադրողի համար: Բայց խնդիրը նրանում է, որ անգամ այդ պարագայում ներկրմամբ զբաղվող ոչ քիչ թվով մեր հայրենակիցները կանգնում են մեծ խնդրի առաջ, փոխարենը՝ չստանալով այլընտրանքային լուծման առաջարկներ: Սա իսկապես տալիս է եզրակացության հնարավորություն առ այն, որ խնդիրը կարելի էր առնվազն ճգնաժամային իրավիճակում հետաձգել:
Ինչ վերաբերում է հետևանքներին: Հետևանքների առաջին կրողները հենց անհատ ներկրողներն են: Նախ հաշիվ- ապրանքագրով աշխատող այն տնտեսվարողներն, օրինակ, որոնք աշխատում են թուրքական շուկայի հետ, թղթաբանության խնդրի առաջ են կանգնելու: Մյուս կողմից, ապանքի մաքսային արժեքներն ուղղակիորեն անդրադառնալու են գնի վրա, այսինքն բացասական էֆեկտը շղթայական հաջորդականությամբ հասնելու է ի վերջո ապրանքի վերջնական սպառողին: Հաշվի առնելով, որ հագուստն ու կոշիկն առաջին անհրաժեշտության ապրանքախմբում չեն, թանկացումները շատ վառ են արտահայտվելու ոլորտի շրջանառության վրա: Սա իր հերթին առևտրով զբաղվողին առհասարակ կանգնեցնելու է գործունեությունը շարունակելու խնդրի առաջ, քանի որ ո՛չ հիմա, ո՛չ ճգնաժամի նախորդ ամիսներին հարկային և այլ պարտադիր վճարների մասով վերջիններս այդպես էլ չունեցան պետության կողմից զիջումներ: Կավելանա գործազրկության մակարդակը, որի շարունակական բացասական հետևանքներին անգամ կարիք չկա անդրադառնալու:
Իհարկե, մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից այս փոփոխությունները կարելի է համարել ճիշտ՝ հաշվի առնելով մաքսազերծման գործընթացներում հնարավոր չարաշահումների խնդիրը: Բայց ամբողջ հարցն ընտրված ժամկետն է, երբ կա՛մ պատճաշ հաշվարկված չեն ճգնաժամն ու արդյունքում երկրում ձևավորված սոցիալ-տնտեսական բացասական մթնոլոտը, կա՛մ դա դուրս է մնացել առաջնահերթ հետաքրքրությունների շրջանակից:
Իսկ առաջնահերթ հետաքրքրություններից է պետբյուջե արագ հոսքերի ապահովումը, որն արդեն ապացուցված է ոչ միայն այս, այլև՝ ճգնաժամի ընթացքում իրար հաջորդող նմանօրինակ այլ փոփոխություններով, որոնք քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ են ավելացնելու:
Ըստ էության, հերթական մեխանիզմն է քաղաքացիների միջոցով խնդիրներ լուծելու, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ պետությունները գնում են լայնամասշտաբ սուբսիդիաների, պարտադիր վճարների ներման, տարատեսակ օժանդակության մեխանիզմների կիրառման ճանապարով: