ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ի հայտարարությամբ ազդարարեցին բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու մասին:
Միևնույն ժամանակ համանախագահների հայտարարությունը վկայում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում լարվածությունից հետո կողմերի դիրքորոշումներում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ կամ առնվազն դիրքորոշումների կոշտացում, ինչը, ըստ էության, այս պահին անհնար է դարձնում համանախագահների և կողմերի միջև համատեղ հանդիպումը:
Համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին «առաջիկա շաբաթների ընթացքում անհատական հանդիպումների են հրավիրել հստակեցնելու իրենց համապատասխան դիրքորոշումները՝ լուրջ, սուբստանտիվ և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման նպատակով»:
Թեև համանախագահների հայտարարության մեջ, սովորականի նման, բացակայում է հասցեականությունը, սակայն գաղտնիք չէ, որ նախապայմանների, սպառնալիքների լեզվով խոսում է բացառապես Ադրբեջանը: Ավելին, վերջին շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից ապակառուցողականության ավելի խորացման այն դեպքում, երբ Հայաստանը երբեմն շատ ավելի կառուցողական կեցվածք էր ընդունում, քան կարելի էր: Հիշեցնենք, որ հայկական կողմը, մասնավորապես ԱԳ նախարարը, հայտարարել է բանակցային գործընթացը ցանկացած պահի վերսկսելու պատրաստակամության մասին:
Համանախագահների հատարարության մեջ կրկին կիրառվում է սուբստանտիվ բանակցություններ տերմինը: Սուբստանտիվ բանակցությունների վերսկսումը վերջին շրջանում, այդ թվում նաև տավուշյան դեպքերից հետո, Ադրբեջանի հիմնական պահանջներից է բանակցային գործընթացում: Այս տերմինի ադրբեջանական մեկնաբանությունը որոշակի մարտահրավերներ է ստեղծում հայկական կողմերի համար, քանի որ նախատեսում է կարգավորման առանձին տարրերի քննարկում և պայմանավորվածությունների ձեռքբերում: Ուստի, կարևոր է համանախագահների հետ համապատասխան աշխատանքներ իրականացնել, որպեսզի ադրբեջանական կողմի այս սիրելի տերմինը համանախագահների կողմից չընկալվի նույն մեկնաբանությունը:
Ընդհանուր առմամբ, հայկական կողմերը պետք է օգտագործեն այս որոշակի վերամեկնարկի հնարավորությունը մեր դիրքորոշումը, մեր մտահոգությունները համանախագահների և միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնելու, նախկինում արված խնդրահարույց հայտարարությունները խմբագրելու ՝ առանց նոր մարտահրավերներ առաջացնելու համար հայկական երկու պետությունների ազգային շահերի համար: Միջազգային հանրության համար պետք է ընկալելի դառնան տավուշյան դեպքերից հետո Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում գերակայությունների վերանայումը:
Հիշեցնենք, Տավուշում ադրբեջանական սադրանքից հետո պաշտոնական Երևանը սկսել էր ակտիվորեն պնդել հետաքննության մեխանիզմների ներդման անհրաժեշտության վրա: Սակայն համանախագահների հայտարարության մեջ ոչ միայն հղում չկա 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո այս հարցով կողմերին միջև ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին, այլև որևէ խոսք չկա հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Հայատարարության մեջ համանախագահները նշել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մոնիթորինգային գործողությունների վերականգնման ուղղությամբ նախապատրաստության մասին: Սա, բնականաբար, որոշակի ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացման հարցում, սակայն դա չի կարող դիտվել հայկական կողմի պահանջներիհամատեքստում: