Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական է համարել. «Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչև այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման նպատակ ունի, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:
Փաշինյանը նշեց, որ նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս. «Համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական և տրամաբանական»,-ասել է Փաշինյանը:
Հարցին, թե որքանով է բանակցությունների համար մթնոլորտը հարիր հուլիսյան մարտերից հետո, Փաշինյանն ասել է, որ մթնոլորտը հարիր է այնքան, որքան այդ մարտերից առաջ. «Հուլիսյան դեպքերից առաջ մենք Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային տրամաբանությանը: Կարծում եմ՝ միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը: Մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, ադրբեջանն ասում էր, որ 24 ժամում ուժով կլուծի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»: